National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
02.12.2022
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության ամրապնդմամբ եւ հանձնառու է կատարելու ստանձնած պարտավորությունները. Տաթեւիկ Գասպարյան
1 / 10

Գիտեմ, որ մի քանի անգամ եղել եք Հայաստանում եւ Արցախում: Բարձր ենք գնահատում Ձեր համերաշխությունը եւ աջակցությունը հայ ժողովրդին: Այս դժվարին պահին, երբ վտանգված է ժողովրդավարական Հայաստանի ինքնիշխան տարածքը, Ձեր սկզբունքային եւ կառուցողական դիրքորոշումն ընդգծում է նաեւ Ձեր նվիրվածությունը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը եւ արդարությանը. ընդգծել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթեւիկ Գասպարյանն Իսպանիայի Թագավորության Պատգամավորների կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինարիտուի հետ հանդիպմանը:

Խմբի ղեկավարը կարեւորել է բարեկամ Իսպանիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը եւ համոզմունք հայտնել, որ երկկողմ համագործակցության ներկա մակարդակը չի արտացոլում ամբողջ ներուժը:

Տաթեւիկ Գասպարյանն ընդգծել է, որ ներկայումս տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, իսկ անվտանգության մակարդակը՝ փխրուն: Բարեկամական խմբի ղեկավարը փաստել է, որ մեր երկիրը շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդմամբ ու հանձնառու է կատարելու ստանձնած բոլոր պարտավորությունները: «Չնայած Հայաստանի՝ խաղաղ բանակցությունները շարունակելու եւ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամությանը՝ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է բարձր՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը շարունակում է հետեւողականորեն խախտել հրադադարի ռեժիմը, իսկ նախագահ Ալիեւը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը»,-ասել է Տաթեւիկ Գասպարյանը:

Նա երախտագիտություն է հայտնել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիան դատապարտող հայտարարությունը միաձայն ընդունելու համար: «Պատգամավորների կոնգրեսի դիրքորոշումը միջազգային հանրության համար լավ օրինակ է՝ որպես տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլ»,-ընդգծել է պատգամավորը:

Անդրադարձ է եղել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց անհապաղ հայրենադարձմանը, Արցախի պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգության պատշաճ եւ երաշխավորված պահպանման անհրաժեշտությանը: Այս հարցերում պատգամավորն ակնկալել է իսպանացի գործընկերների գործուն աջակցությունը:

Բարեկամական խմբի անդամներ Թագուհի Թովմասյանը, Հասմիկ Հակոբյանը եւ Նարեկ Զեյնալյանը եւս ընդգծել են երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման կարեւորությունը: Թագուհի Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման հետեւանքներին, անվտանգային մարտահրավերներին, բարձրաձայնել սահմանամերձ համայնքներում անվտանգության գոտի ունենալու հարցը: Հասմիկ Հակոբյանը կարեւորել է Ջոն Ինարիտուի հայամետ դիրքորոշումը. նրա ելույթները քաջալերում են հայ ժողովրդին եւ ազդակ են աշխարհին առ այն, որ Հայաստանը միայնակ չէ այս բարդ իրավիճակում իր ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը պաշտպանելու գործում:

Ջոն Ինարիտուի խոսքով վերջին հարյուրամյակների ընթացքում հայ ժողովուրդը ստիպված է եղել իր հողի վրա կրելու զրկանքներ, ենթարկվելու ցեղասպանության: «Հանդուրժելի չէ Հայաստանի հանդեպ տեղի ունեցողը, եւ եվրոպական մի շարք  երկրներ չեն կարող ունենալ այլ դիրքորոշում, քան չհանդուրժել Ադրբեջանի կողմից իրականացվող բարբարոսությունը: Մշտապես լինելու եմ հայկական հարցի կողքին, պաշտպանելու եմ հայ ժողովրդին»,-շեշտել է իսպանացի պատվիրակը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-իսպանական կապերի զարգացմանը մի շարք ոլորտներում: Երկկողմ հարաբերությունների ընդլայնման գործում ընդգծվել է հայկական սփյուռքի դերակատարությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am